«Իրատես de facto»-ն իր վերջին համարներից մեկում անդրադարձել էր Երևանի Համո Սահյանի անվան թիվ 70 հիմնական դպրոցի տնօրենի անհասկանալի առևտրային գործունեությանը: Հրապարակման մեջ նշել էինք, որ դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյանը, չարաշահելով տնօրենի իր արտոնությունները, «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ից տասը համակարգիչ (նոթբուք) է գնել և չի կարողացել վճարել, ինչի հետևանքով էլ դպրոցի գույքը դրվել է կալանքի տակ: Այս ամենի արդյունքում տնօրեն Շափաղաթյանը որպես պատիժ ընդամենն ստացավ խիստ նկատողություն` քաղաքապետարանի կողմից, և ԿԳ նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանի կողմից` նախազգուշացում:
Օրերս հայտնի դարձավ, որ «Ո՞վ է թևեր տալիս թիվ 70 դպրոցի տնօրենին» հոդվածի հրապարակումից հետո երկու օրով ձերբակալել են հանցագործ տնօրենին (ամենայն հավանականությամբ` հարցաքննության նպատակով), բայց անհասկանալի պատճառներով նորից ազատ արձակել:
Տեղեկությունը ճշտելու և գործի առնչությամբ քաղաքապետարանի հետագա քայլերին ծանոթանալու համար, փորձեցինք որոշ մանրամասներ իմանալ հենց Երևանի քաղաքապետարանից: Բայց ինչպես միշտ, որևէ լուր ճշտելու ջանքերն ապարդյուն անցան: Մեր փորձերը` կապ հաստատել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ, այդպես էլ չստացվեց:
Որոշեցինք դպրոցի տնօրենին սպասող «ճակատագրին» տեղեկանալ «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանից:
irates.am-ի հետ զրույցում տիկին Բախշյանը մանրամասնեց. «Դատարանի վճռով տնօրենը պետք է պարտքը մարի մինչև դեկտեմբերի 27-ը, եթե չմարի, ապա արգելանք կդրվի դպրոցի բանկային հաշվի վրա, որից հետո, կարծում եմ, պետք է հանցագործության մասին հաղորդում տրվի ու քրեական գործ հարուցվի: Այս հաղորդումը, իմ կարծիքով պետք է հայտարարի քաղաքապետարանը, որին կասկածում եմ: Եթե քաղաքապետարանը չանի, ուրեմն ակնհայտորեն ինքը պետական բյուջեի փոշիացումն է հովանավորում և ես, որպես Երևանի ավագանու անդամ, ում վրա դրված է բյուջեի նկատմամբ վերահսկողությունը, ինձ իրավունք կվերապահեմ անելու այդ քայլը»:
Թե որքանով են հավաստի Հ. Շափաղաթյանին ձերբակալելու մասին լուրերը, զրուցակիցս ասաց, որ նա նույնպես լսել է նման բան, բայց թե որքանով է այն հավաստի, չի կարող ասել: «Ասեկոսեներին վերջ տալու համար, իմ կարծիքով, անհրաժեշտ է հարուցել քրեական գործ և բացահայտել իրականությունը»,- եզրափակեց Ա. Բախշյանը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Հ. Գ.- Ինչպես տեղեկացնում են մեր հավաստի աղբյուրները, այս օրերին թիվ 70 դպրոցի տնօրենն աշխատանքի է գալիս խիստ խնամված, «ֆենված» (ինչը չի վրիպել աշխատակիցների աչքից) և բարձր տրամադրությամբ: Թե ինչու է նա այդքան ուրախ և անհոգ, թողնում եմ ընթերցողի ենթադրությանը: Ի դեպ, խոսվում է նաև այն մասին, որ վերջինիս կողմից «գնված» համակարգիչների թիվը ոչ թե տասն է, այլ քառասուն, որը մեծ հաջողությամբ նա կարողացել է թաքցնել: Հետաքրքիրն այն է, որ քառասուն նոթբուքերից մեկը նա, որպես տվյալ դպրոցի տնօրեն, չի կամեցել տալ իր դպրոցին, թեև, հիշեցնենք, նա դրանք դպրոցի անվան տակ է վերցրել: